Վարդենի Մոստիչյան
Վարդենի Մոստիչյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆորնիայի Արվեստի համալսարան Կենտրոնական Ֆլորիդայի համալսարան |
Մասնագիտություն | նկարչուհի |
Թեմաներ | գեղանկարչություն |
Կայք | varteni.com |
Varteni Mosdichian Վիքիպահեստում |
Վարդենի Մոստիչյան (Վարդենի Մոստիչեան, անգլ.՝ Varteni Mosdichian, հունվարի 24, 1953, Ստամբուլ, Թուրքիա), ամերիկահայ նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդենի Մոստիչյանը ծնվել է Ստամբուլում, Մանուկ Մոստիչյանի (Մանուկ Մոստիչեան) և Զեփյուռ Էլմայանի (Զեփիւռ Էլմաեան) ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է Ստամբուլում։ 1969 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ Սովորել է Կալիֆոռնիայի Արվեստի համալսարանում, Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանում ստացել է արվեստի բակալավրի աստիճան։
Շուրջ 500 կտավների հեղինակ է։ 1974 թվականից ԱՄՆ-ում մասնակցել է ցուցահանդեսների, ցուցադրվել է նաև Գերմանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում[1]։ 1979 թվականին ցուցադրվել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Բոստոնում, Ֆիլադելֆիայում, Ստամբուլում, Ուոթերթաունում, Փարիզում, Քեմբրիջում։ Ամերիկայի հայկական թանգարանում բացվել է նրա «Գյուղացիները հողին դեմ հանդիման» անհատական ցուցահանդեսը[2]։ Ցուցադրված կտավներում արտահայտվել է հայ ժողովրդի ողբերգական անցյալը։
Վարդենին համարձակ վրձնահարվածներով կիրառում է վառ գույների հանդուգն համադրություն։ Վարդենիի համար գույնն այն հիմնական միջոցն է, որով նա հասնում է ինքնարտահայտման։ Ստեղծագործում է արվեստի վերացական ուղղությամբ։ Նրա գործերում գերակշիռ տեղ է գրավում հայկական թեմատիկան։ Վարդենիի կտավներից հորդող ջերմությունն արտացոլում է նկարչուհու հուզական աշխարհը[3]։
Ստեղծագործություններից գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Ֆլորիդայի կենտրոնական համալսարանի գեղարվեստի քոլեջում, մասնավոր հավաքածուներում[4][5][6]։